ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմանը, ԱՄՆ-իև Հայաստանի հարաբերություններին:
«Հունվարի 20-ին ՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ Իր երդման խոսքում նախագահ Բայդենն ասաց․ «Մենք կրկին հասկացանք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամներս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է»։ Ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։ Հայաստանի անկախացումից հետո ԱՄՆ-ը աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ կատարյալ է, այլ որովհետև մեզ հայտնի է, թե պաշտպանության և պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար և կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն և համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։
Սկսելով պատմության այս նոր էջը՝ ԱՄՆ-ը վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։ Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-ՀՀ խոր և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։
Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ ԱՄՆ կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ ԱՄՆ-ը վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։
Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիներին ։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար», - նշել է դեսպանը։